Այն, ինչի մասին պատմելու եմ, երբևէ չեմ խոսել, և առաջին անգամ եմ պատմելու այն, ինչի մասին լռել եմ մինչ այսօր։
Հիմա, երբ բավականին ժամանակ եմ անցկացնում բանտում, ունեմ հնարավորություն հիշելու և շարադրելու իմ մտքերն ու հիշողությունները։ Վստահ եմ՝ ոմանք գուցե ինձ կքարկոծեն, բայց ես կասեմ ճշմարտությունը, և թող այն դառնա ազատության փարոս մեզանից յուրաքանչյուրի համար։ Ես չեմ վախենում քննադատությունից։
Ինչևէ, սկսեմ…
2014 թ․, երբ մեկնեցի Դամասկոս, նպատակ ունեի պայքարել հանուն իմ ժողովրդի, որի նկատմամբ տեղի էր ունենում այն, ինչը միջազգային հանրությունն անվանում է էթնիկ զտում։ Սիրիայում՝ հայկական բնակավայրերում, տեղի ունեցող հարձակումների, սպանությունների, առևանգումների և խոշտանգումների մասին տեղեկությունները սարսափելի էին, սակայն երբ հասա Սիրիա, սեփական աչքերով տեսա թուրքերի և նրանց կողմից հովանավորվող ահաբեկիչների իրականացրած ոճրագործությունները։
Ճշմարտությունն ու իրականությունն այն էին, որ հայկական բնակավայրերի վրա հարձակումները, հայերին առևանգելը, խոշտանգելն ու սպանելը թուրքերի և ահաբեկիչների համար դարձել էին բիզնես՝ փող աշխատելու միջոց։ Իսկ թե ինչպես՝ կբացատրեմ հիմա։
Նախ հարձակվում և ոչնչացնում էին հայկական բնակավայրերը, ապա ամեն ինչ անում էին, որպեսզի գերեվարեն կամ առևանգեն մանկահասակ երեխաների ու երիտասարդների։ Դրանից հետո նրանց հարազատներից և բարեկամներից պահանջում էին որոշակի չափի փրկագին, և եթե սահմանված ժամկետում գումարը չէր վճարվում, ապա գազանաբար խոշտանգում էին նրանց, իսկ հետո միայն վերադարձնում մարմինը հարազատներին՝ այդ կերպ ուղերձ հղելով. «Եթե չվճարեք, սա է սպասվում ձեր երեխաներին»։
Մեր հայրենակիցներից շատերը, ովքեր հայտնվում էին այդ իրավիճակում, ամեն գնով փորձում էին հայթայթել պահանջվող գումարը, որը կարող էր հասնել մինչև 50.000 ԱՄՆ դոլար և ավելի։ Հասկանալի էր, որ ոչ բոլորը կարող էին հավաքել այդ գումարը։
Իմ հանդիպումների ընթացքում Սիրիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ, երբ նրանց հարցրեցի, թե ինչու չեն պայքարում և չեն պաշտպանվում, նրանք պատասխանեցին․ «Եթե պայքարենք, ավելի կգազազեցնենք անոնց» և ինձ խորհուրդ տվեցին հեռու մնալ՝ պարզաբանելով, որ պետք չէ պայքարել, այլ պետք է համակերպվել և այլ լուծումներ գտնել։
Եթե անկեղծ լինեմ, ես ուղղակի խելագարվում էի զայրույթից և նրանց ասացի․ «Ինչպե՞ս կարող եք համակերպվել ձեր երեխաներին մորթողների հետ»։
Ի դեպ, այդ խոսակցությանը ներկա էին Սիրիայի բանակի բարձրաստիճան մի սպա, մեկ հայ քահանա և իմ մարտական ընկերներից մեկը։ Մենք շշմած ու զայրացած նայում էինք նրանց դեմքերին։ Նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցու մեր քահանան զայրույթից դողում էր։ Ախր ի՞նչ խոսես մի թշնամու հետ, ով այրում ու թալանում է քո օջախը և քո աչքի առաջ մորթում քո զավակին։
Ես հասկացա, որ անհրաժեշտ է այնպիսի ծրագիր, որը թշնամուն կստիպի հրաժարվել հայի վրա ձեռք բարձրացնելուց։ Առաջին փուլը պետք է լիներ թշնամուն պատժելը՝ մեկը տասի դիմաց, տասնապատիկ ավելի դաժան։
Այդ ժամանակ թուրքերը Հալեպ քաղաքին մոտակա գյուղերից մեկում առևանգել էին 14-ամյա հայ աղջնակ և նրա ծնողներից պահանջում էին բավականին մեծ փրկագին։
Սրտի ցավով եմ պատմում այս ամենը, սակայն ծնողները չունեին այդ գումարը, և փրկագինը վճարելու ժամանակահատվածի ավարտից հետո ահաբեկիչները կենդանի քերթել էին աղջնակին և նրա մարմինը հանձնել ծնողներին։ Հիշում եմ՝ երբ լսեցի այդ պատմությունը, երեխայի պես արտասվում էի։ Դա չպետք է անպատիժ մնար։
Սիրիական բանակի հետ գաղտնի կերպով, 24 ժամվա ընթացքում, մշակվեց գործողություն, որը անվանվեց «Հատուցում»։ Այդ դեպքից երեք օր անց սիրիական բանակը և կամավորական ջոկատները հարձակման անցան այն ուղղությամբ, որտեղ գտնվում էին հայ աղջնակին առևանգած և խոշտանգած ահաբեկիչները՝ իրենց թուրք ղեկավարների հետ միասին։
Գործողության արդյունքում ոչնչացվեցին 227 ահաբեկիչներ, իսկ 16 ահաբեկիչ և նրանց թուրք ղեկավարները գերի ընկան մեր ձեռքը։ Նրանք հենց այն ոճրագործներն էին, ովքեր պատասխանատու էին հայ աղջնակի առևանգման, խոշտանգման և սպանության համար։
Նրանց պետք էր պատժել, և չնայած նրան, որ սիրիական բանակը ցանկանում էր այլ պատիժ կիրառել, ես կարողացա համոզել, որ պատժի ձևը մենք որոշենք։ Չեմ նկարագրի, թե ինչպիսին էր այն, սակայն կարող եմ ասել, որ այդ 16 ոսոխները զգացին այն, ինչ արել էին հայ աղջնակին, իսկ վերջում բոլորին կախաղան բարձրացրեցին։
Նրանց վզերից կախվեցին ցուցանակներ, որոնց վրա արաբերեն և թուրքերեն գրված էր․ «Ինձ այսպես պատժել են հայերը՝ հայ երեխաներին առևանգելու, խոշտանգելու և սպանելու համար»։ (Այս ամենի մասին առաջին անգամ եմ պատմում)։
Հավատացեք, այդ պատժիչ գործողություններից հետո մեր հայրենակիցների առևանգումները շեշտակի նվազեցին։
Ի դեպ, 2015–2019 թթ․, երբ գտնվում էի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ բանտում, մեղադրող կողմը, նկատի ունենալով Սիրիայում իմ մասնակցությունը ռազմական գործողություններին, հայտարարեց, որ հաշվի առնելով իմ կազմակերպչական ընդունակություններն ու ռազմական փորձը՝ միջնորդում է դատարանին շարունակել ինձ պահել կալանքի տակ։
Ես ձեզ խոստացել եմ պատմել միայն ճշմարտությունը, նույնիսկ եթե այն կարող է ինձ վնասել կամ արժանանալ քննադատության։ Մեր բոլորիս դատավորը Աստված է, և ես հավատում եմ Նրա դատաստանին։ Իսկ թե ինչու եմ հիմա բանտում, ենթադրում եմ, որ միգուցե թշնամին ինձ համարում է վտանգավոր և ռևանշիստ։ Ինչևէ, եզրակացությունները թողնում եմ ձեզ։
Այդ ժամանակ ես 32 տարեկան էի և պատկերացում անգամ չունեի, թե ինչպիսի հարվածներ կստանամ թիկունքից և կհայտնվեմ բանտում միայն այն բանի համար, որ հայ եմ։ Ես պարզապես հավատում էի այն պայքարին, որի մեջ մտել էի, և անգամ չէի պատկերացնում, որ դժոխքի միջով պիտի անցնեմ, որովհետև միշտ չէ, որ թշնամին խրամատում է կամ սահմանից այն կողմ։
Հիմա էլ եմ հավատում իմ հային։
Շարունակելի
Բանտ
12/12/2025
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ